Բանակային 2018 թ. ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, փետրվարի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է ՊԲ-ի և միավորումների վարչության անձնակազմը:
Իրականացվող գործընթացներին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում ճշգրտվել են համապատասխան կառույցների և պաշտոնատար անձանց անելիքները մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանների բերելու ժամանակ, ևս մեկ անգամ հստակեցվել են այն խնդիրները, որոնք ըստ հերթականության պետք է կյանքի կոչել նման և հավանական պատերազմական պայմաններում:
Բացի մարտական պատրաստության միջոցառումներից, անցկացվել են նաև շտաբային մարզումներ, որոնց ընթացքում կառավարման բոլոր մարմինները, զորատեսակները, ծառայություններն ու բաժինները, ըստ գործառութային պարտականությունների և առաջադրված մարտական խնդիրների, ներգրավվել են մարզումների պլանով նախատեսված համապատասխան միջոցառումներին: